29/01/2020 12:51
ԱՄՆ դեմոկրատ սենատորները «դարի գործարքի» պլանը քննադատող նամակ են հղել Թրամփին
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել երեքշաբթի Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ:
Նամակի տեքստը հրապարակվել է Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենի Twitter ում:
Նամակն ստորագրած 12 օրենսդիրների թվում կա 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու երեք հավակնորդ՝ Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը և Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը:
«Մենք գրում ենք, որպեսզի մեր անհանգստությունը հայտնենք միակողմանի բնույթ կրող պաղեստինա-իսրայելական պլանի հրապարակման՝ ձեր որոշման առնչությամբ, որը կազմված է առանց որևիցե պաղեստինյան մասնակցության և աջակցության»,- ասված է նամակում: Սենատորները կարծիք են հայտնել, որ կողմերից մեկի կողմից տվյալ պլանի իրականացումը կարող է ոչնչացնել հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները՝ երկու պետությունների գոյատևման հայեցակարգի շրջանակում:
Նամակում նշվում Է, որ «դարի գործարքի» միակողմանի իրականացումը կարող է հանգեցնել Իսրայելի ինքնիշխանության հաստատման Հորդանանի հովտի և Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերի նկատմամբ: Դեմոկրատները ենթադրում են, որ իրադարձությունների նման զարգացումը կխախտի միջազգային իրավունքը, և բացասական արձագանք կառաջացնի ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցների կողմից: Սենատորները նաև հայտարարել են, որ Սպիտակ տան առաջարկած լուծումները խախտում են պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խարխլում Իսրայելի անվտանգությունը: