29/01/2020 11:21
Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը. Ռոբերտ Քոչարյան. Yerevan.Today
Աշունը քաղաքականապես ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է, Yerevan.Today կայքի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը նշել է, թե ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։
«Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվեն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Ղափանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը», - ասել է Ռ. Քոչարյանը։