29/01/2020 11:16
ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015 թվականի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում. Մակունց
Ինձ, որպես ԱԺ պատգամավորի, ՍԴ դատավորը հետաքրքրում է միայն մասնագիտական անաչառության տեսանկյունից։ Որևէ անձի նկատմամբ պահանջը բացառապես դա է, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երեկվա հարցազրույցին։
«ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015 թվականին փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ։ Այն անցումային դրույթները, որոնք պետք է անցում կատարեին ներկա Սահմանադրության, թերի են։ Թե որն է դրա պատճառը, չեմ կարող ասել։ Մենք արձանագրում ենք այս խնդիրը, և սա է ՍԴ-ի հետ կապված հարցը։
Սահմանադրական դատարանի հարցն, իհարկե, հանգուցալուծվելու է։ Դա միանշանակ է։ Այս ընթացքում փորձել ենք բոլոր հնարավոր տարբերակներով լուծումներ առաջարկել, արել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Միանշանակ, կլինեն էլի քայլեր, որոնք կբերեն հարցի հանգուցալուծմանը։ Այն ժամանակ, երբ դրանք օրակարգ բերվեն, մենք կմեկնաբանենք», - ասաց նա։
Անդրադառնալով ՍԴ նախագահի երեկվա հարցազրույցին՝ Մակունցը նշեց, որ վերջինս պետք է հնարավորինս զերծ մնա քաղաքական ձևակերպումներից, ինչը և երեկ արեց։
Ճեպազրույցին ներկա պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր հերթին նկատեց, որ ՍԴ նախագահն այսօր հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից։