29/01/2020 17:05
Ներկայացել եմ, իմ համապատասխան տեղեկությունները տվել հանձնաժողովին. Սեյրան Օհանյանը հրավիրվել էր ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով
Շուրջ 3,5 ժամ աշխատեցինք, և այսքան լարված, բայց համատեղ քննարկման, հաճելի աշխատանքի տպավորություն չէի ստացել վաղուց, ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնժողովի փակ նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղեկություններ է փոխանցել հանձնաժողովին՝ Օհանյանն ասաց.
«Ես ներկայացել եմ, իմ համապատասխան տեղեկությունները տվել եմ հանձնաժողովին: Թույլ տանք այն աշխատի»:
Օհանյանն ընդգծեց՝ քննարկվել են ապրիլյան պատերազմի ժամանակ եղած թերություններն ու բացթողումները.
«Ասացեք խնդրեմ մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս: Պաշտպանուոյան նախարարությունում իմ երկարատև աշխատանքի ընթացքում ես ասել եմ, որ սխալներ ունենալը և դրանք վերացնելը մեծ թերություն չէ, իսկ ունենալն ու չվերացնելը՝ նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն», - ասաց նա:
Հարցին՝ չե՞ն եղել ճակատագարական սխալներ՝ Օհանյանը բացասական պատասխան տվեց:
«Զինված ուժերի հրամանատարական կազմը, ղեկավարման համակարգն իր պարտականություններն իմացել է և իրականացրել իր գործառույթնների շրջանակներում: Զինված ուժերի նյութատեխնիկական ապահվման շրջանակներում որևիցե խնդիր չի եղել, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, և եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից ու առանձնահատկություններից», - ասաց Օհանյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել ՌԴ գիտությամբ՝ Օհանյանն արձագանքեց.
«Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները, եթե խոսում եք դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է, վերջակետ դրեք սրան»: