28/01/2020 23:43
Միգուցե այդ պահին էմոցիոնալ էի, կքննարկեմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ. ՍԴ նախագահը՝ վարչապետի դեմ դատական հայցի մասին
Միգուցե այդ պահին էմոցիոնալ էի, խոսեցի դատարան դիմելու մասին, բայց կարծում եմ՝ հանրությանը պարզ դարձավ և այս հարցի պատասխանը բոլորը ունեն, «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությանը։
Հարցին, թե չի՞ պատրաստվում դիմել դատարան, Թովմասյանն ասաց․
«Չեմ կարող ասել դեռևս, կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ։ Բայց դա չէր ինձ համար կարևոր։ Ինձ համար իմ արժանապատվությունն, իմ անունը, իմ հեղինակությունն է միշտ կարևոր եղել և որևէ կապ չի ունեցել իմ զբաղեցրած պաշտոնի հետ։ «Քծնանքը» և «տղամարդկությունը» իրար հետ անհամատեղելի բառեր են։ Չեմ սիրում էդ բառը»։
Ավելի վաղ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը ասել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահը ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել պատրաստել հայցադիմումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Դրան ի պատասխան Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան: