29/01/2020 15:24
Լարիսա Ալավերդյանը միանում է ոստիկանությունից հանդիպում պահանջելու՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պնդմանը
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ արձագանքելով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի պահանջին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամբողջովին համաձայն է նրա հետ։
Հիշեցնենք` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունվարի 28-ի իրադարձությունների իրավաչափությունը քննարկելու և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով պահանջում է հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։
Ռուբեն Մելիքյանը 3 կետից բաղկացած օրակարգ է ներկայացրել, առաջարկելով իրավապաշտպաններին, այլ հանրային գործիչներին միանալ իր նախաձեռնությանը՝ ներկայացնելով սեփական օրակարգ կամ միանալով իր ներկայացրածին։
«Ուղղակի մի դետալ պետք է ավելացնեմ. ամեն մեկը պետք է իր տեղում պատասխանատվություն զգա։ Պետք չի հիմա բոլորը հղում անեն, որ դա վարչապետի ցանկությունը կամ քմահաճույքն էր։ Թող ամեն մեկը, հատկապես ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնատար անձինքն զգան պատասխանատվություն իրենց քայլերի համար։ Պատրաստ եմ միանալ այդ կոչերին, որոնք կնախաձեռնվեն պարզապես վերջ դնելու այն խայտառակ հետընթացին, որին հիմա ականատես ենք լինում», - ասաց Լարիսա Ալավերդյանը։