29/01/2020 13:32
Պոմպեոն ենթադրում է, որ պաղեստինցիներն ի վերջո կաջակցեն «դարի գործարքին»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ պաղեստինցիները ժամանակի ընթացքում հավանություն կտան Մերձավոր Արևելքում կարգավորման Վաշինգտոնի նոր պլանին։ Այս մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյին հարցազրույցում, որի սղագրությունը երեքշաբթի տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Արդյունքում՝ պաղեստինցիները պետք է որոշեն՝ ցանկանում են արդյոք այսուհետ ևս ապրել այն դժվար պայմաններում, որոնցում ապրում են այսօր»,- ասել է Պոմպեոն։ Նա նշել է, որ հավանության դեպքում պաղեստինցիների առջև «փայլուն ապագա» կբացվի։
«Հիմա նրանց ընձեռվել է այդ հնարավորությունը։ Նրանք պարտավոր չեն դա անել այսօր կամ վաղը»,- ասել է Պոմպեոն։ «Ես համոզված եմ, որ պաղեստինցի ժողովուրդը հաջորդ շաբաթներին ու ամիսներին կհասկանա, որ այդ հնարավորությունը նրանց համար լավագույնն է, իսկ մենք նրանց տալիս ենք չորս տարի։ Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը։