30/01/2020 09:43
Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և Սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ. Մակինյան
Փաստորեն, գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը Հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին, նման գրառում է արել Facebook-յան իր էջում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:
«Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։
Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և Սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»,- գրել է Մակինյանը:
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը, նշելով, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։