30/01/2020 12:07
Հանրային հեռուստաընկերության նկատմամբ պետք է համպատասխան հայցադիմում ներկայացվի զրպարտության և իրավունքի խախտման վերաբերյալ. Իրավագետ
Հանրային հեռուստաընկերությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատրաստած ռեպորտաժն իրավագետ Արամ Վարդևանյանը դժվարացավ բնութագրել, թե ինչ է, ասելով, որ այն պարզապես «խայտառակություն էր»։
«Այն, որ Հանրային հեռուստաընկերությունը հանդես կգա անմեղության կանխավարկածի նման կոպիտ կերպով խախտողի դերում, դա ցանկացած եվրոպական խորհրդի անդամ երկրում պատկերացնելը գրեթե անհնարին է։ Սա իսկապես անհասկանալի խայտառակ երևույթ էր, և ես կարծում եմ, որ հենց Հանրային հեռուստաընկերությունը, ամեն ինչից անկախ, նաև հանդես գալով որպես իրավաբանական անձ, պետք է հրապարակայնորեն ներողամտություն ներկայացնի նման տեսակ զրպարտության համար, որովհետև ցանկացած անձ կարող է քրեական հետապնդման ենթարկվել, բայց նաև գիտենք, թե ինչքան շատ են արդարացումները, քրեական գործերի կարճումները։ Իսկ այդ հայտարարությունը իրենից ենթադրում էր կարծես հաստատակամ պնդումներ ներկայացնելու մի երևույթ, երբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ», - ասաց Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո սա արդեն իսկ քրեական հետապնդման ամբողջ օրինականության տեսանկյունից լրջագույն ռիսկեր է պարունակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջում տարածել էր ՍԴ նախագահի վերաբերյալ Հանրային հեռուսատընկերության ռեպորտաժը։ Արձագանքելով սրան, իրավագետն ասաց.
«Վերջերս նայում էի Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, այսպես կոչվող նախադատավարության կամ նույնիսկ դատավարության փուլում ցանկացած պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից նման տեսակ հայտարարությունները ինքնին հանդիսանում են լրջագույն իրավունքի խախտումներ։ Անմեղության կանխավարկածի նկատմամբ պետական մարմինները և պաշտոնատար անձինք էլ ավելի մեծ զգոնություն և զգուշավորություն պետք է ցուցաբերեն։
Երբ դեկտեմբերի վերջին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց, դատախազությունը հայտարարություն էր տարածում, որտեղ Հրայր Թովմասյան անուն ազգանունը չկար, այնտեղ գրված է Հ.Թ.։ Ներկայացնելուց էլ հստակ նշվում է, որ բացառապես հանրային հետաքրքրությունը հաշվի առնելով, որոշ մանրամասներ են ներկայացնում, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքն արգելում է ՍԴ դատավորի նկատմամբ քրեական գործերի դեպքում զգոնությունը և զսպվածությունը չպահպանել։ Եվ այդ պարագայում, այն, ինչը երեկ հանրային հեռուստաընկերությամբ հրապարակվեց, սահմանադրական օրենքի կոպտագույն խախտում է», - ասաց նա։
Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Հանրային հեռուստաընկերության նկատմամբ պետք է համպատասխան հայցադիմում ներկայացվի զրպարտության և իրավունքի խախտման վերաբերյալ։
«Եվ Հանրային հեռուստաընկերությունը պետք է քաղաքացիական օրենսդրության շրջանակներում հնարավորինս առավելագույն պատասխանատվությունը կրի, պետք է հստակ քննարկման առարկա դառնա, թե, առհասարակ, որտեղից նման տեղեկությունները Հանրային հեռուստաընկերությանը։ Ինչպես արդեն նշեցի, դատախազության տեղեկատվությունը լրիվ այլ բովանդակության էր, Հատուկ քննչական ծառայության կայքում նույնպես նման տեքստ չեմ գտել։ Նայել եմ նաև ՀՔԾ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը, նման տեղեկություն ևս չկար, այս պարագայում որտեղի՞ց Հանրային հեռւոստաընկերության նախաքննական գաղտնիք ենթադրող տեղեկություն», - եզրափակեց Ա.Վարդևանյանը։