30/01/2020 19:07
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են 2019թ.-ին ներկայացված առաջարկություններ. Ադրբեջանի ԱԳՆ
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի բանակցություններն ամենաինտենսիվն էին վերջին տարիների ընթացքում, «РИА Новости»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։
«Ժնևում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների բանակցություններն ամենաինտենսիվն էին վերջին տարիների ընթացքում։ Կողմերը քննարկել են համանախագահների կողմից ներկայացված օրակարգը։ Քննարկվել են 2019թ.-ին ներկայացված առաջարկություններ, մասնավորապես՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, հումանիտար փոխանակումը, կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը, հատկապես՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն ու տարրերը, ինչպես նաև բանակցային գործընթացի ակտիվացմանը վերաբերող հարցեր։ Նախարարները համաձայնության են հասել մոտ ապագայում կրկին հանդիպելու վերաբերյալ», - ասել է Աբդուլաևան։