30/01/2020 16:21
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանը դիմել է ՀՔԾ՝ պահանջելով հայտնել՝ արդյոք Հանրային հեռուստաընկերությանը տեղեկատվություն է տրամադրվել
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ դիմել է Հատուկ քննչական ծառայություն, վարույթն իրականացնող քննիչից պահանջելով հայտնել, թե արդյո՞ք ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է որևէ տեղեկատվություն։
«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ Ձեր վարույթում գտնվող քրեական գործով եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել է Հատուկ քննչական ծառայության կողմից», - ՀՔԾ քննիչին ուղղված դիմումում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նա հիշեցրել է, որ «մինչդատական վարույթի գաղտնիության առավելագույն ապահովման օրենսդրական սկզբունքը ենթադրում է, որ քննչական մարմինները և դատախազությունը պետք է առավելագույնս զերծ մնան Սահմանադրական դատարանի դատավորի մասնակցությամբ քրեական վարույթի վերաբերյալ տվյալների, դրանց վերաբերյալ իրենց ենթադրությունների, դատավորին առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակման և դրա հիմքում դրված ենթադրյալ փաստական հանգամանքների հրապարակումից»։
«Ընդ որում, նորմի տառացի մեկնաբանությունը ենթադրում է, որ քննչական մարմինները և դատախազությունը պետք է ոչ միայն զերծ մնան նման գործողություններից, այլև առավելագույնս ապահովեն նշված հանգամանքների գաղտնիությունը մինչև մինչդատական վարույթի ավարտը», - հիշեցրել է Միհրան Պողոսյանը։
Փաստաբանը ՀՔԾ քննիչից խնդրել է հայտնել, թե արդյո՞ք իր վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում հատուկ քննչական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է որևէ տեղեկատվություն։
«Եթե այո, ապա ի՞նչ իրավական ընթացակարգի կարգավորումների հիման վրա է նշված տեղեկությունը տրամադրվել Հանրային հեռուստաընկերությանը՝ շրջանցելով «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները», - ՀՔԾ քննիչին ուղղված դիմումում գրել է Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, երեկ Հանրային հեռուստաընկերությունը «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» խորագրով ռեպորտաժ էր պատրաստել: Այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը՝ նշելով, որ եթեր հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։