30/01/2020 13:15
ՍԴ նախագահի դեմ քրեական գործով վարչապետը կամ ուղիղ ցուցում է տալիս, կամ դարձել է «խաղալիք» իրավապահների ձեռքում. Տիգրան Աթանեսյան
Որպես Նորայր Փանոսյանի պաշտպան, հայտարարում եմ, որ այս հոլովակը պարզապես տեղեկատվական մանիպուլյացիա է և սադրանք, Facebook-ում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ ներկայացված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատրաստած ռեպորտաժին։
«Ցավում եմ, որ այն տարածվում է ՀՔԾ-ի կողմից Հանրային հեռուստատեսությամբ, էլ չասեմ, որ երկրի վարչապետի կողմից նման հոլովակ տարածելը ու մեկնաբանելը վկայում է կամ քրեական գործի ապօրինի ընթացքի ուղղակի ցուցումի առկայության մասին կամ էլ վարչապետը դարձել է «խաղալիք» իրավապահների ձեռքում:
Վաղուց ժամանակն է, որ վարչապետը ունենա ոլորտին տիրապետող խորհրդական կամ օգնական, որ չընկնի նման ծուղակների մեջ», - գրել է Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, երեկ Հանրային հեռուստաընկերությունը «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» խորագրով ռեպորտաժ էր պատրաստել: Այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը՝ նշելով, որ եթեր հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։