30/01/2020 18:55
Թրամփը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ՝ «ուհանյան» կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել «ուհանյան» կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հայտնում է Սպիտակ տունը:
Խումբն ամենօրյա խորհրդակցություններ է անցկացնում հունվարի 27-ից: Այն գլխավորում է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը, որն իր աշխատանքը համակարգում է Ազգային անվտանգության խորհրդի հետ: Խմբի կազմում ընդգրկվել են Սպիտակ տան և կառավարական մի քանի հիմնարկությունների փորձագետներ, ներառյալ ինֆեկցիոն հիվանդությունների գծով երկրի առաջատար մասնագետները:
Այդ կառույցի խնդիրների թվում է՝ իրադրության մշտադիտարկման և վարակի տարածման կանխման միջոցառումների մշակումը, նաև բնակչությանը ժամանակին իրավիճակի մասին տեղեկացնելը: Սպիտակ տունը նշել է, որ ներկա դրությամբ «ԱՄՆ-ում վարակի տարածման ռիսկի մակարդակը ցածր է մնում»: