30/01/2020 19:26
Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը. Նաղդալյան
Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Դրան նախորդեց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։