31/01/2020 17:37
Քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տված պատասխաններն արձանագրել էր սկզբում, հետո ջնջել էր. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ դուրս գալով ՀՔԾ-ից, հայտարարեց, որ ինչպես կանխագուշակում էր հրավիրվել էր ցուցմունք տալու «իկռայի գործով»:
Սամսոնյանը նշեց՝ հարցաքննության ողջ ընթացքն, իր համոզմամբ, վերահսկվելէ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից:
Սամսոնյանի խոսքով՝ հարցաքննության ընթացքում քննիչ Լեռնիկ Սարգսյանը 7-10 րոպեով դուրս է եկել սենյակից, ապա վերադարձել ու նոր հարցեր տվել, որից հետո Սամսոնյանի պատասխաններից որոշ հատվածներ չի ներառել ցուցմունքում:
«Երբ ավարտվեց հարցաքննությունը, վերցրեցին թուղթը, որ ծանոթանանք ցուցմունքի հետ, ու պարզվեց քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տված պատասխանները արձանագրել էր սկզբում, հետո ջնջել էր, նոր տպել էր: Նման աբսուրդ ես երբեք չեմ տեսել:
Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը պաշտոնական կեղծիք արեց՝ իմ խսքերը հեռացրեց հարցին պատասխանելու տրամաբանությունից: Ինձ տրված հարցին որպես պատասխան վերջում ավելացրել եմ, որ իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է արտաքին գործողություններով, այն է՝ ՀՔԾ պետը քաղաքական գործունեությամբ է զբաղվել և զբաղվում, նա պիտի ենթարկվի պատասխանատվության։ Ես չունեմ վստահություն նրա նկատմամբ: Այս հարցի պատասխանը քննիչը հանել էր», - ասաց Սամսոնյանը:
Այս գործողությունները Սամսոնյանը որպես քաղաքական հետապնդում որակեց՝ նշելով, որ գործընթացն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից:
Սամսոնյանն ասաց, որ այդքանից հետո չի ստորագրել ցուցմունքի տակ՝ փոխարենը գրելով, որ իր կողմից ասված խոսքերն ամբողջությամբ չեն արտահատվել, տպագրված պատասխանների և իր տված պատասխանների մեջ կա տարբերություն, իսկ քննիչը կեղծարար է:
Նրա խոսքով՝ քննիչը վերելակի մոտ իրեն սպառնացել է, որ դատելու է. «Սպասում եմ՝ ինչ հոդվածով են ինձ դատելու, չեմ բացառում, որ երկու ժամ հետո դառնամ մեղադրյալ»:
Սամսոնյանի փաստաբան Սամվել Սիմոնյանն էլ ընդգծեց, որ վկայի կարգավիճակը թույլ է տալիս տալ ցուցմունք, որն, ըստ վկայի, ճշմարտացի է, և որևէ մեկը չի կարող ուղղորդել, որ ձևակերպումները լինեն որևէ մեկի սրտով:
Երեկ ՀՔԾ-ից հայտնել էին, որ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020 թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Սամսոնյանի՝ հունվարի 26-ին արած գրառումը, որի հիման վրա, ենթադրաբար, կարող էր քրեական գործ հարուցվել՝ «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետ»-ն է: