31/01/2020 11:35
Առաջարկել եմ ներկայացնել այն տեղեկությունները, որոնց տիրապետում եմ. Դավիթ Հարությունյանը դիմել է ՀՔԾ
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը գրավոր դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ նոտարական պալատի կողմից տարածքի վարձակալության մասով իր ունեցած տեղեկությունները հայտնելու համար:
«Առաջարկել եմ իրենց ներկայացնել այն տեղեկությունները, որոնց տիրապետում եմ: Դեռևս արձագանք չունեմ», - ասաց Հարությունյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին:
Հստակ ինչ տեղեկությունների մասին է խոսքը, Հարությունյանը չմանրամասնեց.
«Հիմա չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչ տեղեկատվության եմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ այն, ինչ ներկայացվել է հաղորդման (Հ1-ի եթերով ցուցադրված՝ խմբ.) երկրորդ դրվագում, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն ծայրահեղ մանիպուլատիվ մոտեցում էր», - ասաց նա:
Խոսելով այն մասին, որ Հ1-ի ռեպորտաժում խախտվել է անմեղության կանխավարկածը, Հարությունյանը նշեց, որ անմեղության կանխավարկածը ոչ թե բառակապակցություն է, այլ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունք, որը խախտելով, վարչապետն ուղերձ է հղել հանրությանը, որ պատրաստ է խախտելու ցանկացածի իրավունք:
«Սա նաև սոսկալի ճնշում է դատական իշխանության վրա, դեռևս դատական պրոցես տեղի չի ունեցել, կարծես թե, վերջնական դատական վճիռն է արձակվում և ուղերձ է հղվում դատարաններին, թե ինչ է իրենցից ակնկալվում», - ասաց Հարությունյանը: