31/01/2020 12:35
Դատական պաշտպանության մեխանիզմով ուզում ենք նախադեպ ձևավորել. Արծվիկ Մինասյան
Հայցադիմում է ներկայացվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ հնչեցված արտահայտությունների վերաբերյալ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանն օրեր առաջ ՀՀ կառավարության երդմնակալության արարողությունից ստոպ կադր էր ներկայացրել՝ նշելով, թե իբր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը գլուխ է խոնարհում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև, սակայն իրականում լուսանկարում դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանն էր։ Վերջինս ավելի ուշ պարզաբանել էր, որ լուսանկարն անհաջող ստոպ կադրի հետևանք է։
«Այսպիսի արտահայտություններ անում է ԱԺ պատամավորը, ով օրենքով պարտավոր է իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգանք ցուցաբերել։ Պատվի, արժանապատվության և բարի համբավի դատական պաշտպանության այս մեխանիզմով ուզում ենք նախադեպ ձևավորել», - ասաց նա։
Ասուլիսին ներկա փաստաբան Հայկուհի Սեդրակյանն իր հերթին նկատեց, որ այս պահին արդեն ունեն դատարանի որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործը կքննվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այս պահին առաջին դատական նիստի մասին տեղեկատվություն չունեն։