31/01/2020 11:11
Նարեկ Սամսոնյանը որպես վկա հրավիրվել է ՀՔԾ
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
«Այսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում: Վկայի կարգավիճակը պարտավորեցնում է մասնակցել հարցաքննությանը: Նման պարագայում ներկայանալու եմ վարույթն իրականացնող մարմնին: Հարցաքննությունից հետո պատրաստվում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր մանրամասներ հաղորդել հարցաքննությունից և ընհանրապես քրեական գործից և իրավապահների մոտիվացիայից», - նշել է Սամսոնյանը:
Երեկ ՀՔԾ-ից հայտնել էին, որ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի՝ հունվարի 26-ին արած գրառումը, որի հիման վրա, ենթադրաբար, կարող էր քրեական գործ հարուցվել, «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետ»-ն է։