31/01/2020 16:13
Հուսով եմ՝ Ռուսաստանի կառավարությունը կաջակցի տնտեսական դինամիկային, որն առկա է Հայաստանում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի աջակցության հույս ունի՝ հանրապետության տնտեսական վիճակի պահպանման գործում:
«2019 թվականին փոխադարձ ապրանքաշրջանառությունը մոտենում է երկու միլիարդ դոլարի: 2020 թվականին այս դինամիկան կշարունակվի: Հայաստանում 2019 թվականին մեզ հաջողվեց ստեղծել տնտեսական լավ դինամիկա: 2019 թվականին տնտեսական աճը գրեթե 8 տոկոս էր: Հուսով եմ՝ ձեր կառավարությունը կաջակցի այն տնտեսական դինամիկային, որն առկա է Հայաստանում», - հայտարարել է Փաշինյանն Ալմաթիում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միշտ էլ եղել են և կլինեն լավ հարաբերություններ:
«Մենք միշտ հնարավորություն ունենք մեր հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու: Վստահ եմ, որ ձեզ հետ համագործակցելով՝ կկարողանանք անել դա», - ասել է նա:
Իր հերթին, Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով:
«Ռուսաստանի կառավարության նոր կազմը տրամադրված է շարունակել կառուցողական հարաբերությունները և աշխատանքային կապերը մեր հայ գործընկերների հետ: Անհրաժեշտ է ամրապնդել ապրանքաշրջանառության աճի դրական միտումը և որոնել նոր հնարավորություններ ու համագործակցության նոր ուղղություններ», - ասել է ՌԴ վարչապետը։