31/01/2020 19:49
Արարատ Միրզոյանի որոշումը անվավեր է ճանաչվել. ԱԺ արտահերթը չի կայանա
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է կայացրել, համաձայն որի նախապես որոշված փետրվարի 6-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստը չի կայանա:
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-16-Լ որոշումը ճանաչել անվավեր:
2. Առաջարկել 2020 թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացրած Ազգային ժողովի պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ գրությունը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի եւ 7-րդ մասի 2-րդ կետի պահանջներին», - նշված է ԱԺ նախագահի՝ հունվարի 31-ին ստորագրած որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ արահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ քննադատական գրառումներ էին արել ԱԺ «Լուսավար Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշել էր, որ Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության օրենքներում հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով:
Բացի այդ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն էլ գրել էր, որ իշխանությունն այնքան է շտապում ՍԴ կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ արտահերթը նշանակում է ավելի շուտ, քան իրավունք ուներ: