01/02/2020 09:44
«Ժողովուրդ». ԱԺ նախագահը արդեն որերորդ անգամ է չեղարկում է իր իսկ կողմից կայացված որոշում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ արդեն երկրորդ անգամ չեղարկել իր իսկ կողմից կայացված որոշումներից մեկը: Բանն այն է, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել՝ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին:
Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունն է, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին չեզոքացնել սահմանադրական փոփոխություններին մասնակցություն ունենալուց: ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի:
«ԱԺ կանոնակարգ-օրենքը» սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, սակայն ԱԺ խորհուրդը նախօրեին նիստ չէր գումարել, ինչի պատճառով որոշման հրապարակումից ժամեր անց այն ջնջվեց ԱԺ կայքից:
Եվ, ահա, երեկ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել և դրանով անվավեր ճանաչել նախորդ որոշումը: Հետաքրքիրն այն է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովի նախագահը չեղարկում է իր նախորդ որոշումը իր չիմացության պատճառով: Նախորդ անգամ խոսքը վերաբերում էր Ազգային ժողովի աշխատակազմի կրճատմանը, և այդ անգամ ևս նոր հաստիքացուցակը չէր հաստատվել ԱԺ խորհրդի կողմից: Արդեն երկրորդ անգամ սայթաքումը վկայում է, որ ԱԺ նախագահը դեռևս ամբողջովին չի յուրացրել «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի դրույթները կամ էլ չունի համապատասխան խորհրդատուներ, որոնք կարող են այսպիսի իրավիճակներում ճիշտ ելքեր ցույց տալ»: