03/02/2020 13:22
Սա քաղաքական այլախոհությունը զսպելու մեխանիզմ է, շինծու օրակարգ. Գևորգ Պետրոսյանը՝ ատելության խոսքի դեմ աշխատանքային խմբի մասին
Ատելության խոսքը կանխելու, պատժելու և դրա ուղղությամբ նախագիծ մշակելուն ԱԺ-ում կազմակերպված քննարկումները հավասար պայմաններում չեն ընթացել, լրագրողներին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Վերջինս նշեց, որ մասնակցել է աշխատանքային խմբի առաջին նիստին ու նկատել, որ քննարկումները հավասար մթնոլորտում չքննարկելու միտում է տեսնում, մասնավորապես՝ Պետրոսյանն ասաց, որ ոչ բոլոր Հասարակական կազմակերպությունների ներկայացվածությունն է ապահովված եղել, և աշխատանքներին մասնակցել են միակողմանի դիրքորոշում ունեցող ՀԿ-ներ:
Պետրոսյանը նշեց, որ անթույլատրելի է պնդումը, թե ֆեյսբուքյան գրառմամբ ծանուցել են աշխատանքային խմբին մասնակցելու մասին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուղարկել պատշաճ գրություն:
«Իմ անձնական կարծիքն այն է, որ սա քաղաքական այլախոհությունը զսպելու մեխանիզմ է, շինծու օրակարգ: Ի՞նչ է նշանակում ատելության խոսք: Այո, ես ատում եմ համասեռամոլությունը, տգիտությունը, ոչ կառուցողական մոտեցումը, հայրենիքի դավաճանությունը, հիմա եթե ես ասում եմ, որ ատում եմ այդ երևույթները, վաղը մյուս օր պիտի նախագիծ ընդունեն ու ասեն՝ արի պատասխանատվության ենթարկվի այդ ատելության համար», - ասաց Պետրոսյանը:
Վերջինս նկատեց, որ ԲՀԿ-ն կքննարկի այդ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու հարցը, եթե կարողանան հստակեցնել, թե որտեղ է վերջանում խոսքի ազատությունն ու որտեղից է սկսում ատելության խոսքը:
«Վստահաբար կարող եմ ասել, որ չեն կարող գծել այդ սահմանը: Հետեևաբար, իմ կարծիքով, սա արվում է, որ այն ատելության խոսքը, որ հնչում է հօգուտ իշխանության, համարվի նորմալ և իրավաչափ, դրա հետևից իրավապահ մարմինները չգնան մարդանց «չփռեն ասֆալտին» և «չծեփեն պատերին», իսկ ընդդիմախոսներին ասեն՝ «դուք այլախոհներ եք, ատելության խոսք տարածող, եկեք գնանք ձեր հարցերը քննարկենք»»: