03/02/2020 12:05
ORSIS ընկերության փաստաբանին առաջարկել են հրաժարվել բողոքներից. երկու հոդվածով քրեական գործ է հարուցվել
Ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը Հայաստանում ներկայացնող փաստաբանի գործունեությանը՝ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից խոչընդոտելու փաստով քրեական գործ է հարուցվել։
«Անցած տարի մրցույթի հետ կապված պատմութունը որ սկսեց, դիմողը ես էի անձամբ ԱԱԾ, օգոստոսի կեսերին - սեպտեմբերին ինձ մի քանի անգամ դիմեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանի օգնականը՝ ասելով, որ եթե կողմերը բարիշեն, հնարավոր է, մրցույթի հարցը լուծվի: Առաջարկն այսպես էր՝ ես պետք է իմ բողոքներից հրաժարվեմ, ոչ միայն հրաժարվեմ, նաև գրեմ, որ սխալվել եմ բողոք գրելուց, ես էլ, բնականաբար մերժեցի», - Aysor.am-ին պատմեց ՀՀ-ում ORSIS ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Նա ասաց, թե անցած տարվա սկզբին ORSIS ընկերությունից «Marocchi SI 12» որսորդական հրացան էին նվիրել ՊՆ-ին՝ որպես բարեկամական քայլ։
«Այդ ընթացքում մենք պարզեցինք, որ զենքը հանձնվել է ոչ թե ՊՆ-ին, այլ՝ փոխնախարարին ու գրանցվել է փոխնախարարի անունով (նկատի ունի Մակար Ղամբարյանին՝ Aysor.am)», - նշեց փաստաբանը։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3323-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՊՆ ղեկավար աշխատողների կողմից խոշոր չափերով յուրացում և նույն նախարարության պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առթիվ։