03/02/2020 10:04
Փոփոխություններ «ԱԺ կանոնակարգում»՝ հակառակ Սահմանադրության, նոր ՍԴ ստեղծում՝ հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի. Ամրամ Մակինյան
Կցանկանայի լսել քաղաքական իշխանության «հիմնավորումներն» առ այն, թե որքան է նշված «երկքայլային պարզունակ կոմբինացիան» համապատասխանում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների վերջին հայտարարությանը, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը:
« «Իմ քայլը» խմբակցության «իրավական գիգանտների» նախագծած «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» փաստական նկարագրություն՝
1. Քայլ առաջին՝ հնարավորինս կարճ ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների կատարում՝ նախատեսելով Ազգային ժողովի իրավասությունն առանց Սահմանադրական դատարանի համաձայնության իրականացնելու սահմանադրական փոփոխություններ՝ ի հակառակ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության։
2. Քայլ երկրորդ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտնելու անմիջապես հետո սահմանադրական փոփոխությունների ընդունում՝ փոփոխելով Սահմանադրության 213-րդ հոդվածը և նախատեսելով նոր սահմանադրական դատարանի ստեղծում՝ ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի և այն հանգամանքի, որ Սահմանադրության «եզրափակիչ և անցումային» դրույթներում հնարավոր չէ իրականացնել փոփոխություններ։ Սրան զուգահեռ կկատարվեն փոփոխություններ մի շարք օրենսդրական ակտերում՝ նախատեսելով սահմանադրական դատարանի «հին դատավորների» սոցիալական երաշխիքները», - գրել է Մակինյանը: