03/02/2020 11:13
Գործող իշխանությունը մոռացել է, որ հաշվետու է ժողովրդին. Բաբկեն Հարությունյան
Պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվություն ստանալու մասով ունենք ակնհայտ հետընթաց, ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով իր կողմից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԱԺ-ի, Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացված դատական հայցերի թեմային:
«Գործող իշխանությունը փոխանակ պատասխանատու մոտենա այս խնդրին, եկել է իշխանության և մոռացել, որ հաշվետու է ժողովրդին: Ի զարմանս մեզ՝ մենք չենք ստանում պատասխաններն այն հացումների, թե որքա՞ն են կազմել պետական այս կամ այն կառույցների աշխատակիցների պարգևավճարները: ԱԺ-ն վերջերս ռեկորդ խփեց. դեկտեմբերի 5-ի իմ հարցմանը պատասխանեց միայն մի քանի օր առաջ»,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ հարցում են ուղարկել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի տեղեկություններ տրամադրվի տվյալ կառույցի հաստիքացուցակի, պարգևավճարների և մի շարք այլ հարցերով: Պատասխան այդպես էլ չի ստացվել:
Միայն օրեր առաջ 7 հարցից բաղկացած հարցմանը պատասխան է տրվել՝ ընդամենը 2 հարցի մասով: Մյուսների մասով ուղարկվել է կառույցի կայքէջի հղումը՝ խորհրդով, որ տեղեկությունները այդտեղ են:
«Կառույցի ղեկավարը պետք է դատվի, պետք է նստի: Այն, ինչ տեղի է ունենում նրա մասնակցությամբ, անհետևանք չի կաող մնալ», - ասաց նա: