04/02/2020 12:31
«Ադեկվադ»-ի անդամները նավթի տարաներ են տարել Բաղրամյան 26՝ փորձելով բանակցային գործընթաց սկսել նախագահի հետ (Տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանությունը Բաղրամյան 26-ի դիմաց խաղաղասիրական ակցիա է իրականացնում։
«Սա մեր նախաձեռնության երկրորդ փուլն է։ Քանի որ Արցախյան հարցի կարգավորման շրջանակներում շատ ակտիվ գործընթացներ կան: Մենք էլ՝ քաջ գիտակցելով, որ դա ոչ մի լավ տեղ չի տանի, փորձում ենք գոնե գործոն առ գործոն չեզոքացնել բացասական ազդեցությունը հայկական պետությունների դիրքերի վրա։ Այդ գործոններից մեկը ՀՀ դե ֆակտո նախագահ Արմեն Սարգսյանն է, ով ըստ էության, փայ ունի Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում։ Այսինքն, ըստ էության, այդ մարդու անձնական, ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերի հետ», - լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը։
Նա ասաց, թե չուզենալով հավելյալ կոնֆլիկտ հրահրել, փորձում են հասկան, թե տեսականորեն հնարավո՞ր է, որ ֆինանսապես փոխհատուցեն նախագահին, նա էլ հրաժարվի Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում անվտանգությունը սպասարկելուց։
«Սա է մեր հարցը», - ասաց Դանիելյանը։
Հարցին, թե ինչ տարբերակով են պատրաստվում փոխհատուցել, Արթուր Դանիելյանը պատասխանեց.
«Դա կարող է լինել կանխիկ փող, կարող է լինել նավթամթերքով։ Սա այն դեպքն է, երբ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան այն բանակցությունը, որ վարվում այդ պետությունների միջև»։
Միաբանության անդամները տարաներ էին բերել հանձնելու ՀՀ նախագահին։ Հարցին, թե նա՞վթ է տարաների մեջ, Արթուր Դանիելյանն ասաց, թե այդ հարցին չեն պատասխանի, քանի որ դա կարող է օգտագործվել իրենց դեմ, չբացառելով նաև, որ կարող է նավթ լինել։
Դանիելյանն ասաց, թե ակցիան խորհրդանշական է, որով փորձում են բանակցային գործընթաց սկսել և ինչ-որ պահի հնարավոր է նաև կոնսենսուսի գալ կոնկրետ քանակի և գումարի վերաբերյալ։