04/02/2020 16:35
Հարցն անձնավորել որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս. Ալեն Սիմոնյանն՝ ԱԺ արտահերթ նիստով ՍԴ նախագահից ազատվելու մտադրության մասին
«Իմ քայլը» խմբակցությունը միջնորդեց հետաձգել ԱԺ խորհրդի նիստը տեխնիկական խնդիրներից ելնելով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ճշտող հարցին՝ արտահերթ հրավիրելու նախագծում կայի՞ն բովանդակային խնդիներ, դրա համար էլ որոշում կայացվեց նիստը հետաձգել, Սիմոնյանն ասաց. «Չեմ կարծում»:
Անդրադառնալով ընդդիմության կողմից նախագիծը վիճահարույց և հակասահմանարդկան համարելուն ու դիտարկմանն՝ իշխող խմբակցությունը վստա՞հ է, որ ընդդիմությունը դեմ չի լինի նախագծին՝ Սիմոնյանն ասաց.
«Վստահ եմ ու չեմ բացառում, որ բովանդակային քննարկումների ընթացքում մեր գործընկերների կմիանան նախաձեռնությանը, որովհետև սա ևս մեկ հնարավորություն է քաղաքական դիրքորոշումների ճշտման մեր գործընկերների համար»:
Հարցին՝ արդյոք այս նախագիծն ուղղված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելուն՝ Սիմոնյանը պատասխանեց, որ այն նպատակ ունի ՀՀ-ում առկա դատական ճգնաժամին լուծում տալ՝ ընդգծելով.
«Հարցն անձնավորել որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս»:
Արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ ունի ընդունել հետևյալ օրենքները. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելը:
Դրանք նախատեսում են.
մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով դարձնել ոչ պարտադիր,
նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով
նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը
նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը
Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։
Ավելի վաղ իրավաբանական հանրությունը հայտարարել է, որ տվյալ օրենսդրական փոփոխությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված երկու հանցագործության. ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելու) հոդված և ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը) հոդված: