04/02/2020 18:44
Ոստիկանությունը մեզ չի տրամադրում Ռուբեն Հայրապետյանի մեքենան. դիմելու ենք դատախազություն. Ամրամ Մակինյան
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նրա երկու ընկերները բերման են ենթարկվել ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, այսօր ոստիկանության դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Իրենց մոտից ոչինչ չի հայտնաբերվել, առավել ևս՝ ապօրինի։ Ուզում եմ արձանագրել, որ պարոն Հայրապետյանի մեքենան մեզ ոստիկանությունը չի տրամադրում և այն ոչ իրավաչափ հիմա պահվում է ոստիկանությունում։ Պատճառաբանությունը հետևյալն է, որ «թույլ տվեք զննել»։ Մենք թույլ չենք տալիս զննել կամակորությամբ։ Չի կարող այնպես լինել, որ պետությունն իր հայեցողական պարտավորություններն օգտագործի կամակորությամբ՝ «թույլ տվեք զննել», բերման ենթարկել անոնիմկաներով, սա 37 թիվը չէ», - ասաց Ամրամ Մակինյանը։
Պաշտպանը նշեց, որ պատրաստվում են հաղորդագրություն ներկայացնել դատախազություն՝ մեքենաները ոչ իրավաչափ ոստիկանությունում պահելու կապակցությամբ։
Նա ընդգծեց՝ զննման թույլտվություն տալն անձի հայեցողությունն է.
«Քանի որ պարոն Հայրապետյանն իրեն բերման ենթարկելու մոտիվացիաների մասին նշեց և մենք հստակ արձանագրենք, որ այս բերման ենթարկելն իրավաչափ չէ ու այլ նպատակներ է հետապնդում, մենք չենք պատրաստվում որևէ մեկի կամակորությամբ թույլ տալ մեզ զննել, խուզարկել և այլն։ Պետք է դատարանի թույլտվություն, եթե այն լինի, կտեսնենք ու թույլ կտանք», - ասաց Ամրամ Մակինյանը։