04/02/2020 16:16
ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. իշխող խմբակցությունը միջնորդեց հետաձգել այն
ԱԺ խորհրդի նիստն այսօր չկայացավ.
«Նիստը տեղափոխվեց վաղը: Քանի որ «Իմ քայլը» խմբակցությունից եղավ միջնորդություն՝ այսօր հետաձգել և վաղը քննարկել, բոլորս համաձայն էինք, կոնսենսուս կար և հետաձգվեց», - լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանն ասաց՝ նախագծի հեղինակն էր խնդրել, որ նիստը հետաձգվի.
«Նախագծի հեղինակը խնդրել էր, որ վաղը քննարկվի, մենք էլ չառարկեցինք», - ասաց նա:
Մարուքյանը նշեց, եթե վաղը նիստում հաստատվի օրակարգն, ապա ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ հրապարակված օրակարգով:
Խոսելով ԼՀԿ դիրքորոշման մասին՝ Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ն շարունակում է նախաձեռնության մեջ հակասահմանադրականություն տեսնել:
Արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ ունի ընդունել հետևյալ օրենքները. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելը:
Դրանք նախատեսում են.
մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով դարձնել ոչ պարտադիր,
նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով
նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը
նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը
Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։
Ավելի վաղ իրավաբանական հանրությունը հայտարարել է, որ տվյալ օրենսդրական փոփոխությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված երկու հանցագործության. ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելու) հոդված և ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը) հոդված: