04/02/2020 13:08
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է. Նաիրա Զոհրաբյան
««Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծում օրենսդրական նախաձեռնություն չկա: Դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է, ես դա չեմ անվանի օրենքի նախագիծ կամ փաստաթուղթ: Դրա նպատակը Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնելն է», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե փետրվարի 6-ին ԱԺ դահլիճում այս նախագիծն անցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ անցնելու է, ապա այն իսկապես բերելու է լրջագույն հետևանքների և ծանր ձևախեղումների, ինչի մասին այս օրերին խոսում են նաև իմ կողմից շատ իրավաբաններ՝ Գագիկ Ղազինյանը, Գևորգ Դանիելյանը, բոլորը: Չկա որևէ սահմանադրագետ, լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի ու չհորդորի այդ նախագիծն ուղղակի չքննարկել», - հավելեց նա:
Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանի բոլոր քաղաքացիները իրենց լիազորել են լուծել ՍԴ հարցը՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ ամբողջ ժողովրդի անունից որևէ քաղաքական ուժ խոսելու իրավունք չունի:
«Ես էլ եմ ՀՀ քաղաքացի և ես որևէ մեկին չեմ տվել մանդատ՝ լուծելու ՍԴ թնջուկը: Ավելին, ես գտնում եմ, որ մեր երկրում ավելի կարևոր հարցեր կան, քան՝ արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը: Մեզ համար անձերի խնդիր չկա և ամեն ինչ անելու ենք երկրում օրենքի գերակայության հաստատման համար», - նշեց Զոհրաբյանը։