04/02/2020 09:45
«Ժողովուրդ». Արցախի ԱԳ նախարարը սրում է Բակո Սահակյանի հետ հարաբերությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես, Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող և նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար: Եվ պարզվում է՝ այն խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչական նպատակներ ունի: Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է: Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, և ամեն ինչ պարզ է դառնում: Մասնավորապես, հացադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաև 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ: Ու երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է հանդիպել նրան, լսել դժգոհությունը, հրաժարվել է: Ասել է թե՝ Արցախի ԱԳ նախարարը սրում է գնացող նախագահ Սահակյանի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն ով էլ հաղթի, պետք է շնորհավորեն ու կանգնեն կողքին: Ինչպես հայտնի է, Մայիլյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նաև այս տարվա մարտի 30-ին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում և «հացադուլային շարժումներով» փորձում է Սահակյանին իր կողմը ներգրավել: Մայիլյանն իր հիմնական մրցակիցն է համարում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, որն այդ ընտրություններում անվիճելի ֆավորիտն է»: