04/02/2020 09:54
Արարատ Միրզոյանը հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել. «Փաստ»
ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները հետևողականորեն շարունակվում են: «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու և «բացատրական զրույցներ» ունենալու համար:
Թերթի աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև:
Ըստ թերթի աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել և օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, և հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը:
Տեղեկությունը թերթը փորձել է ճշտել ԱԺ-ից և զանգահարել ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին: Վերջինս միայն ասել է. «Նման որևէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»:
Թերթի աղբյուրները պնդում են, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումների կամ «բացատրական աշխատանքների» այլ դեպքեր ևս եղել են: