04/02/2020 16:26
Վարչապետն ու նախագահը քննարկել են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը
Պետք է ավելի շատ կարևորել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրել ու ներդնել ռազմավարական կառավարման տրամաբանությունը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում, և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեմ, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ կիսում է նախագահի տեսակետը, որ «մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում»: