04/02/2020 19:44
Մեծ Բրիտանիայում մինչև 2035 թվականը կարգելեն բենզինային, դիզելային և հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մինչև 2035 թվականն արգելել բենզինով և դիզելով աշխատող շարժիչներով նոր ավտոմեքենաների և հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը, ասված է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
«Ներկայացնելով արտանետումների կրճատման ուղղությամբ Մեծ Բրիտանիայի անհետաձգելի գործողությունները՝ կառավարությունը նախատեսում է բենզինով և դիզելով աշխատող շարժիչներով նոր ավտոմեքենաների և միկրոավտոբուսների վաճառքին վերջ դնել ավելի շուտ՝ մինչև 2035 թվականը, նաև առաջին անգամ հիբրիդային (ավոտմեքենաների) ներառել (արգելվածների ցուցակում)», - նշված է Դաունինգ-սթրիթի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում էին այդ արգելքը սահմանել հինգ տարի ավելի ուշ՝ 2040 թվականին, իսկ հիբրիդային ավտոմոբիլների մասին խոսք չէր եղել:
Լոնդոնը մտադիր է իրականացնել աշխարհում բնապահպանության ամենախիստ օրենքներից մեկը՝ մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները հասցնելով զրոյի: