04/02/2020 19:16
Սկսած՝ վատ էկոլոգիայից, ավարտած՝ սթրեսներով և անառողջ սնունդով, նպաստում են քաղցկեղի առաջացմանը. Անի Քոչարը՝ դարի հիվանդության առաջացման ու իր նոր գրքի մասին
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Վերջին տարիներին հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից առավել շատ է բարձրաձայնվում այս խնդրի մասին, ինչը խրախուսում ու օգնում է առավել պաշտպանված, պատրաստված ու անկաշկանդ դիմակայել դարի չարիքին:
Լրագրող Անի Քոչարը, ում մոտ շուրջ երկու տարի առաջ քաղցկեղ էր ախտորոշվել ու ով կարողացավ համառության, հավատի ու լավատեսության շնորհիվ ձերբազատվել հիվանդությունից, որոշել է կրկին գրիչը ձեռքը վերցնել… Այս անգամ՝ որպես գրքի հեղինակ:
«Մոտ կես տարի հիվանդանոցում անցկացնելուց և ծանր բուժումներ ստանալուց հետո այնպիսի հոգեվիճակում էի, որ ցանկություն կար պատմելու մարդկանց՝ եթե շատ մեծ հավատով անցնես պայքարդ, չչարանաս և չտրվես անկմանը, անգամ մահվան ճիրաններից հնարավոր է դուրս պրծնել և հաղթահարել ցանկացած փորձություն: Նաև բազմաթիվ մարդիկ, ովքեր գրում են ինձ և սրտները բացում իմ առջև՝ կարիք ունեն ոգեշնչման, քաջալերման և մոտիվացման: Երբ սկսել էի գրել, պատահական զուգադիպությամբ Արտակ Ալեքսանյանից առաջարկ ստացա իմ անցած ուղու և քաղցկեղը հաղթահարելու մասին գիրք գրել: Այսպիսով սկսվեցին գրքի առավել առարկայական աշխատանքներն ու քայլերը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Անի Քոչարը:
Սա լինելու է Անիի առաջին, բայց, ինչպես ինքը հույս ունի, ոչ վերջին գիրքը: Այն չհանձնվելու, պայքարելու ու կյանքը սիրելու օրինակ է: Ասում է՝ այս գիրքը բժշկական գրականություն չէ, այն մոտիվացնող գրականություն է, որն օգնելու է ոչ միայն հիվանդներին, այլև նրանց հարազատներին:
«Իմ առաջին գիրքը շատերի համար կարող է օրինակ դառնալ: Թեկուզ հարյուրավոր ձախողումներից հետո էլ չհանձնվելու, պայքարելու և կյանքը սիրելու օրինակ: Այս գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ կյանքը շատ սիրելու, մեծ հավատով պայքարելու և երբեք չհանձնվելու մասին է: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։ Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում», - նշեց նա:
Գրքի ստեղծմանն ուղղված աշխատանքները սկսվել են մոտ մեկ տարի առաջ. այն արդեն խմբագրման փուլում է, հրատարակում է «Newmag» հրատարակչությունը: Շապիկի լուսանկարներն էլ պատրաստ են, սակայն այն լույս կտեսնի 2020թ.-ի գարնանը:
«Գիրքը դեռևս միայն հայերենով կլինի և կվաճառվի Հայաստանում։ Այն հնարավոր կլինի նաև օնլայն պատվիրել: Շատ եմ ուզում, որպեսզի այս գիրքը մտնի ամեն հայի տուն և ասի` «Հանձնվել չկա՛»: Մոտիվացնող գրականության այս մի հատորը կարող է դառնալ կյանքի դժվարին փուլում գտնվող յուրաքանչյուր անհատի սեղանի գիրքը: Այն կյանքի կոչելու համար շնորհակալ եմ «Newmag» հրատարակչատանն ու հատկապես՝ Արտակ Ալեքսանյանին», - ընդգծեց Անի Քոչարը:
Մեր զրուցակիցը նկատում է՝ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում օնկոլագիական հիվանդություններն ավելացել են 70 տոկոսով: Հարցին՝ ըստ իրեն՝ օ՞դը, սնո՞ւնդը թե՞ գերլարվածությունն է հիմնական պատճառը, և ի՞նչն է կոնկրետ իր դեպքում հիվանդության աղբյուր հանդիսացել, պատասխանեց.
«Այդ ամենի համագումարը նպաստում է չարաբաստիկ հիվանդության ծագմանը. սկսած՝ վատ էկոլոգիայից, ավարտած՝ սթրեսներով և անառողջ սնունդով: Անգամ բժիշկները հստակ պատճառ նշել չեն կարող: Որևէ մեկն ապահովագրված չէ, բայց իրազեկ լինելու դեպքում հնարավոր է շուտ ախտորոշել և բուժվել…Իմ դեպքում միայն մեկ բան կարող եմ ասել՝ գենետիկ հենքը մերժվել է, և հաշվի առնելով վնասակար սովորությունների բացակայությունն ու հնարավորինս առողջ սնվելը՝ միակ պատճառը վերջին տարիներին տարած սթրեսներն ու հարվածներն էին: Օնկոլոգիական հիվանդությունները հաճախ ունեն նաև փսիխոսոմատիկ հենք»:
Գերմանիայում բնակվող ու բուժվող հայուհին, անդրադառնալով Հայաստանում ու Գերմանիայում բուժումների մեթոդներին, ընդհանրապես՝ առողջապահության ոլորտին՝ եզրափակեց.
«Հավատացեք, շա՜տ մեծ դեր է խաղում հավատքը: Թեև մեզանից և որևէ մեկը չգիտի, թե Աստված մեզ հետ ինչ ծրագիր ունի: Գերմանիայում էլ, ինչպես աշխարհի ցանկացած ծայրում, ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Այնպես չէ, որ միայն Գերմանիայում բուժվելը անպայման առողջանալու երաշխիք է: Ցավոք, մեր շատ հայրենակիցներ էլ այդ ակնկալիքով մեկնում են արտերկիր՝ բուժվելու, սակայն չեն ապաքինվում: Եվ հակառակը՝ Հայաստանում էլ բազմաթիվ մարդիկ ապաքինվում են: Բայց այն, որ Հայաստանում առողջապահության ոլորտում արմատական փոփոխություններ են պահանջվում, միանշանակ է»: