05/02/2020 12:38
«Հայաստանի իշխանությունը հաշվետու է այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են». ԱԺ փոխխոսնակը բացատրեց՝ ինչու չեն դիմել Վենետիկի հանձնաժողով
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը հաշվետու է միայն Հայաստանի ժողովրդին, այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են: Եթե Հայաստանի իշխանությունը նպատակահարմար կգտնի, եթե իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որևիցե մեկ այլ մարմնի խորհրդատվական կարծիքը հարցնել, մենք դա կանենք: Մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու ենք ժողովրդին», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հաստատելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կարծիք ստանալու համար իշխանությունը չի դիմել Վենետիկի հանձնաժողով:
Լրագրողի դիտարկմանը՝ իսկ հարցրե՞լ եք ժողովրդի կարծիքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Այո՛, երբ քվեարկություն է դրվել ԱԺ պատգամավորների ցանկը, երբ քվեարկել են իշխող կուսակցության ծրագրի օգտին»:
Հստակեցնող հարցին՝ այս նախագծի մասին ժողովրդից կարծիք հարցրե՞լ եք, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց.
«Հայաստանի ժողովուրդը մեզ ձայն է տվել, որ Հայաստանում առկա իրավիճակը, որն առկա էր բոլոր ճյուղերում, լուծենք, և դատական իշխանությունում առկա ճգնաժամը, որը ֆիքսվում և փաստվում է բոլոր կողմերից, լուծվի: Նաև դրա համար մենք ստացել ենք մանդատ: Ես կրկնում եմ՝ շատ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության դատական համակարգում ստեղծված իրավիճակը լուծվելու է ամբողջովին: Դատական իշխանությունը նախկին իշխանության վերջին բաստիոնն է: Մենք ազատագրել ենք իշխանության մյուս երկու ճյուղերը և այդ պրոցեսը, կարծում եմ, այս տարի ավարտին կհասցնենք և, վերջապես, կմոռանանք այն ամենն, ինչ եղել է անցյալ 30 տարում»:
Այսօր ԱԺ Խորհուրդն արտահերթ նիստ է անցկացնելու, որով պետք է հաստատվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգը:
Արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ ունի ընդունել հետևյալ օրենքները. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելը:
Դրանք նախատեսում են.
մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով դարձնել ոչ պարտադիր,
նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով
նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը
նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը
Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։
Ավելի վաղ իրավաբանական հանրությունը հայտարարել է, որ տվյալ օրենսդրական փոփոխությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված երկու հանցագործության. ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելու) հոդված և ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը) հոդված: