ԱԺ խորհրդի նիստը այսօր ևս հետաձգվեց:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ այն հետաձգվել է օրակարգում նոր կետ ավելացնելու համար:
«Սա ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջն է, որպեսզի դա արվի առանձին, այսինքն՝ հնարավոր չէր այս նիստի ընթացքում ավելացնել նոր կետ», - ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը թե արդյոք սա նշանակում է, որ վաղն ԱԺ արտահերթ նիստ չի կայանա, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ չբացառելով, որ արտահերթը կարող է վաղը կայանալ:
ԱԺ փոխնախագահը նաև չբացառեց, որ նոր խորհրդի նիստը տեղի կունենա այսօր ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել էր նաև երեկ:
Այսօրվա և երեկվա հետաձգված նիստերում քննարկվելու էին «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը արտահերթ նիստ բերելու հարցը:
Ըստ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
«Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: