05/02/2020 12:32
Արցախի նախագահական համակարգը կարելի է համարել «հայկական նոու հաու». Ռուբեն Մելիքյան
Արցախի նախագահական համակարգն ունի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն, որը նույնիսկ կարելի է համարել «հայկական նոու հաու». այն է, որ օրենսդիր և գործադիր իշխանությունները պարտադիր պետք է ձևավորվեն նույն օրը, «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Անդրադառնալով Արցախում սպասվելիք ընտրություններին՝ բանախոսը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետության ԿԸՀ-ն արդեն իսկ հրապարակել է ժամանակացույցը։
«Ըստ այդմ՝ փետրվարի 5-15-ը կարող են ներկայացվել նախագահի թեկնածուների փաստաթղթերը։ Իհարկե, այս պահին ֆորմալ առումով թեկնածուներ չունենք։ Անմիջապես հետո սկսվելու է նախընտրական քարոզարշավը։ Ես շատ եմ կարևորում, որ այս գործընթացն իրականացվի պատշաճ դիտորդական առաքելության պայմաններում», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանը շեշտեց՝ հայաստանյան քաղաքացիական հասարակությունը պետք է ուղիներ փնտրի՝ դիտորդական առաքելություն իրականացնելու ԱՀ ընտրություններում։
«Սա երկու նպատակ է հետապնդում. նախ, որ Արցախն ունենա իրավական լուրջ հիմքեր, երկրորդ, որպեսզի ընտրությունները հայաստանյան ներքաղաքական լույսի ներքո չդառնան քաղաքական շահարկման հարց», - իր խոսքն ամփոփեց Ռուբեն Մելիքյանը։