05/02/2020 12:28
Արցախի հարցով Փաշինյանը թող որևէ նախադասություն չասի. ինչ ասել է՝ ի վնաս մեզ է եղել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Առաջին անգամ Դուշանբեում տեսանք, որ մեր իշխանությունն Ադրբեջանի իշխանության հետ պայմանավորվեց, որպեսզի նրանք օգնեն եղած իշխանությանը՝ դիրքերն ամրապնդելու հարցում, «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
«Հիշեք՝ ինչ էր ասվում Նիկոլ Փաշինյանի կողմից, ասվում էր՝ «մենք լավ ծանոթ չենք այս գործընթացին, ուզում ենք տեղեկանանք ինչ է եղել», այսինքն՝ պետք է ժամանակ տրվի», - ասաց Ռ. Հակոբյանը։
Նա նշեց՝ Դավոսում ու Դուշանբեում բանավոր պայմանավորվածություններում Հայաստանը շատ լուրջ պարտություններ է կրել։
«Ադրբեջանն իր ժողովրդի նկատմամբ շատ ավելի անկեղծ է, բոլոր հանդիպումներից հետո ասում էր, որ բանակցություններ են տեղի ունեցել ու ինչի մասին», - ասաց Ռուբեն Հակոբյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ եթե բանակցություններին օրակարգ չի տարվում, ապա քննարկվում է այն օրակարգը, ինչ դրվում է սեղանին։
«Այսինքն՝ մի քանի անգամ եղել է հնարավորություն քննարկել այն օրակարգը, ինչ դրել է ադրբեջանական կողմը», - ասաց նա։
Ռուբեն Հակոբյանն ասաց՝ «ՀՀ արտքին գործերի նախարարությունը «կրակն է ընկել Նիկոլ Փաշինյանի ձեռքը»»։
«Որովհետև ԱԳՆ-ն ստիպված է միշտ հայտարարություններով արդարացնել այն, ինչն արդարացնել հնարավոր չէ։ Ես խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տան, որ Արցախի հարցով ընդհանրապես որևէ նախադասություն չասի. ինչ ասել է Արցախի մասին՝ ի վնաս մեզ է եղել», - ասաց Ռ. Հակոբյանը։