05/02/2020 14:40
Էրդողանը Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Ասադի վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ազդել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի վրա՝ Իդլիբում էսկալացիայի ֆոնին:
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել նախօրեին: Կրեմլից հայտնել են, որ երկու նախագահներն էլ ընդգծել են Սիրիայի հարցով ռուս-թուրքական համաձայնագրերի խստագույն իրականացման անհրաժեշտությունը:
Իր հերթին Անկարան հավելել է, որ նրանք չեն բացառում ռազմական պատասխանը Ասադի բանակի գործողություններին:
«Իդլիբից փախստականների թիվը, որոնք մոտեցել են մեր սահմաններին, հասել է մեկ միլիոնի: Երեկ ես խոսեցի Պուտինի հետ և ասացի, որ Ասադը պետք է անհապաղ զորքերը դուրս բերի Սոչիի համաձայնագրով նախատեսված դեսկալացիոն գոտու սահմաններից»,- հայտարարել է Էրդողանը չորեքշաբթի ՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ ելույթում: