05/02/2020 17:26
Ալթայի հայերի միությունը հորդորդում է ՀՔԾ-ին դադարեցնել գործարարի բարի համբավի անհիմն շահարկումները
Ռուսաստանի դաշնության Ալթայ երկրամասի հայերի միությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ռուսաստանաբնակ գործարար Ռուբիկ Ղազարյանի անվան շուրջ տեղի ունեցող զարգացումները: Բանն այն է, որ անցյալ տարվա վերջին ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ Ռ. Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը վերագրելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչն էլ ՍԴ նախագահի դեմ քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու հիմք էին դարձրել: Ալթայ երկրամասում բնակվող Ղազարյանը վերջերս ժամանել էր Հայաստան և այցելել նախաքննական մարմին՝ պահանջելով մանրամասներ ներկայացնել՝ ինչ հիմքով է ՀՀ դատախազությունը առանց իր հետ որևէ քննչական գործողություն կատարել իրեն պատականող գույքը վերագրել մեկ այլ անձի:
Խնդրին է անդրարձել նաև Ալթայ երկրամասի հայերի միությունը՝ հայտարարելով. «ՀՀ անկախություն հռչակման պահից Ռուսաստանի Դաշնություն Ալթայ երկրամասի հայությունն իր փոքր, բայց նշանակալից ներդրումն է ունեցել ՀՀ զարգացման մեջ` ակտիվորեն ասնակցելով ինչպես մեր հայրենիքի տնտեսական զարգացմանը, այնպես էլ բարեգործական աշխատանքների կատարմանը։ Տարիներ շարունակ մեր համայնքի ներկայացուցիչների ջանքերով Ալթայի երկրամասում կայացել են բազմաթիվ միջոցառումներ` ուղղված հայկական մշակույթի պահպանմանը և տարածմանը։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայել ՌԴ Ալթայի երկրամասում բնակվող մեր հայրենակիցների միջոցներով Հայաստանում ներդրումներ ապահովելու համար:
Նման պայմաններում վիրավորական և անընդունելի է մեր համայնքի անդամներից մեկի՝ Ռուբիկ Ղազարյանի նկատմամբ Հայաստանում դրսևորած վերաբերմունքը, մասնավորապես՝ վերջինիս կողմից կատարված ներդրումների «իր սեփականությունը հանդիսանալու հանգամանքը» կասկածի տակ առնելը։ Առավել ևս վիրավորական է Ռուբիկ Ղազարյանին Հանրային հեռուստաընկերության եթերով անուղղակի կերպով հանցագործության կատարման մեջ մեղադրելը: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ իրավապահ մարմիններն անգամ փորձ չեն ձեռնարկել կապվելու Ռուբիկ Ղազարյանի հետ՝ վերոնշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Տեղի է ունեցել ճիշտ հակառակը. մեր համայնքի ներկայացուցիը, զանգվածային լրատվության միջոցներից տեղեկանալով ստեղծված անհեթեթ իրավիճակի վերաբերյալ, իր նախաձեռնությամբ ժամանել է Հայաստան և դիմել է քննչական մարմիններին՝ իրեն հարցաքննելու և իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքով։ Ելնելով վերը նշվածից և աջակիցը լինելով ՀՀ տնտեսական զարգացման իրական ամրապնդմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը` հորդորում ենք Հատուկ քննչական ծառայությանը և զանգվածային լրատվության միջոցներին դադարեցնել մեր հայրենակից Ռուբիկ Ղազարյանի անվան ու բարի համբավի անհիմն շահարկումները»: