05/02/2020 19:24
Ես անընդհատ դերասաններին զբաղեցնում եմ, որպեսզի իրենք ժամանակ չունենան ինձանից բողոքելու. Իշխան Ղարիբյան
Փետրվարի 1-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանը նշանակվեց Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Aysor.am-ի հետ զրույցում նորանշանակ գեղարվեստական ղեկավարը մանրամասնեց, որ առաջարկը եղել է ընկերոջից՝ Կապանի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Աթայանից, ընտանիքի և գործընկերների հետ տևական քննարկումից հետո որոշել է ընդունել:
«Նախ ասեմ, որ առաջարկը ստանալուց հետո այնտեղ երկու բեմադրություն արեցի՝ 2019-ի հոկտեմբերին ու Ամանորին: Ուզում էի՝ եթե նույնիսկ առաջարկն ընդունեմ ու գնամ, այնտեղ մինչ այդ գոնե ինչ-որ գործ արած լինեմ: Պետք է հասկանայի իմ հնարավորություններն այդ թատրոնում, թատրոնի պոտենցիալը: Պարզվեց, որ կարող եմ: Միակ դժվարությունը ընտանիքիս հարցն էր. ես այնտեղ պետք է մենակ մնայի, կինս, ով Ռուսական թատրոնի դերասանուհի է՝ երեխաներիս հետ այստեղ: Երևանում են նաև ծնողներս… Սակայն կարողացանք հայտարարի գալ: Իհարկե, եթե տեսնեմ, որ չեմ կարողանում առանց իրենց դիմանալ, հնարավոր է՝ սեպտեմբերից իրենք էլ տեղափոխվեն ինձ մոտ», - նշեց Իշխան Ղարիբյանը:
Իր թատերական ընտանիքի անդամին պատրաստակամորեն ու սիրով աջակցեց ու ընդառաջեց նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի ղեկավար կազմն ու դերասանական աձնակազմը: Ինչպես մեր զրուցակիցն է ընդգծում՝ այնպես չէ, որ Պատանի հանդիսատեսի թատրոնն այլևս չկա իր կյանքում, դա այն թատրոնն է, որտեղ ինքը որպես դերասան կայացել է: Ի դեպ, դերասան Իշխան Ղարիբյանի համար ռեժիսուրան օտար չէ. բեմադրություններ է արել և՛ Պատանի հանդիսատեսում, և՛ Գորիսի թատրոնում, և՛ Կապանում: Շուրջ 4 տարի էլ (մինչև գեղ. ղեկավար նշանակվելը) Թատերական ինստիտուտում դերասանի վարպետություն է դասավանդել:
«Երևանում իմ զբաղվածությամբ որոշ ներկայացումներում ինձ փոխարինող նշանակեցին, իսկ որ ներկայացումներում հնարավոր չէր փոխարինող գտնել, կշարունակեմ ես հանդես գալ: Բնականաբար, ամեն ամիս գոնե մեկ շաբաթով Երևան կգամ, չէ՞ որ ընտանիքիս էլ պետք է տեսնեմ, այդ ընթացքը կհամընկնի ներկայացումների հետ», - նշեց նա:
Նորանշանակ գեղարվեստական ղեկավարն արդեն իսկ նկատել է՝ մարզային թատրոնում շատ բան կա անելու, ու ինքն էլ հաճույքով է ընդունել «մարտահրավերը»: Խոստովանում է՝ երազանքի պես մի բան է ամեն առավոտ արթնանալ, գնալ թատրոն ու լիովին տրվել միայն թատրոնի աշխատանքներին: Հարցին, թե ինչպե՞ս իրեն ընդունեցին նոր գործընկերները, արդյոք մասնագիտական խանդը չի խանգարի Երևանից ժամանած գեղ. ղեկին ու կապանցի արտիստներին, ժպիտով պատասխանեց.
«Կարծում եմ՝ ինձ լավ ընդունեցին: Ես նկարագրեցի թատրոնի իմ տեսլականը: Ներկա պահին մի քանի ներկայացման վրա ենք աշխատում. դերասան-ռեժիսոր Գրիշա Մարգարյանն է անում (պրեմիերան՝ փետրվարի 22-ին), դերասաններից մեկի հետ ես մոնոներկայացում եմ պատրաստում (պրեմիրան՝ փետրվարի 29-ին), ավագ սերնդի արտիստներն էլ կոլորիտային կատակերգության վրա են աշխատում (պրեմիերան՝ մարտ ամսին)… Մի խոսքով, անընդհատ դերասաններին զբաղեցնում եմ, որպեսզի իրենք ժամանակ չունենան ինձանից բողոքելու»:
Թատրոնի դերասանական կազմը 25-ն է, սակայն Ի. Ղարիբյանն իր առջև խնդիր է դրել երիտասարդացնել այն: Նկատում է՝ եթե թատրոնին ժամանակ առ ժամանակ երիտասարդ արյուն չներարկես, որոշ ժամանակ անց լուրջ խնդիրներ կառաջանան:
«Ցավոք, Թատերականը կամ Մանկավարժականը Կապանում մասնաճյուղ չունեն: Հիմա փորձում եմ ծրագիր գրել ու ներկայացնել նախարարություն, որպեսզի այնտեղ էլ գոնե 6 հոգանոց երիտասարդների կուրս հավաքենք: Իրականում, այդպիսի երիտասարդներ այնտեղ կան, ու հիմա ուզում ենք Կապանի մշակույթի կենտրոնի ու թատրոնի հետ համատեղ ինչ-որ աշխատանք անել», - տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Պաշտոնը թատրոնի գեղարվեստական ղեկավարին չի կաշկանդում բեմ բարձրանալ որպես դերասան, նկարահանվել ֆիլմերում կամ հեռուստանախագծերում: Այլ բան, որ ժամանակի առումով գուցեև չհասցնի էկրանային նախագծերում հանդես գալ: Սակայն ներկա պահին էկրանային որևէ առաջարկ չունի: Անկեղծանում է՝ քանի որ ժամանակը սուղ է, միակ առաջարկը, որը կքննարկի ու ամենայն հավանականությամբ կընդունի՝ «Կարգին ստուդիա»-ի առաջարկը կլինի, քանի որ այնտեղ իր ընկերներն են: