06/02/2020 14:34
Ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման համար քրեական պատասխանատվություն կսահմանվի
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների մասին տարանջատ տվյալների հավաքագրման վերաբերյալ առաջարկությունների և ուղեցույցների նախագծերի ներկայացում» խորագրով ծրագրի քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով:
Փոխնախարար Գալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԵԽի երևանյան գրասենյակին և Եվրոպական միությանը՝ ատելության խոսքի, դրա սահմանների ուրվագծման և համարժեք պատասխանատվության սահմանման խնդիրների վերհանման նպատակով կազմակերպած հանդիպման և ցուցաբերած մշտական աջակցության համար:
Սրբուհի Գալյանի խոսքով՝ խնդիրը շատ նուրբ է, քանի-որ սերտորեն առնչվում է խոսքի ազատության և դրա սահմանների հետ: «Այսօր մեր երկրում աննախադեպ իրողություն է արձանագրվում. ունենք խոսքի անսահմանափակ ազատություն, և երբեմն խոսքի ազատության այդ իրավունքի քողի տակ մենք հանդիպում ենք թաքնված կամ երբեմն նույնիսկ բացահայտ ատելության խոսքի դրսևորումների, ինչն անընդունելի է մեր պետությունում և պետք է համարժեք արձագանքի արժանանա»,- նշել է Սրբուհի Գալյանը և տեղեկացրել, որ ներկայում Արդարադատության նախարարությունը մշակել է օրենքի համապատասխան նախագիծ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման, այն է՝ անձի նկատմամբ նրա որևէ սոցիալական կամ անձնական բնույթի հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:
Քննարկման ավարտին փոխնախարարը հույս է հայտնել, որ այս փորձագիտական քննարկումը մեծապես կնպաստի խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և կօգնի գտնել այն խնդիրների արդյունավետ լուծումը, որն այսօր առկա է մեր երկրում», - ընդգծել է Սրբուհի Գալյանը:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և վստահություն հայտնել, որ շահագրգիռ կողմերի աջակցությամբ մշակված այս նախագիծը դրական արդյունք կգրանցի: