06/02/2020 20:01
Շուտով լսելու եք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը. ՀՀ վարչապետ
Ուզում եմ հայտարարել, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հրայր Թովմասյանը ՍԴ-ին ավելի մեծ լիազորություն է վերապահել, քան վերապահված է ՀՀ ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարան է ուղարկվել որպես կոռումպացված, ապօրինի համակարգի «պահապան շուն»։
«Հենց ՍԴ-ում է թաղված շան գլուխը», - ասաց նա։
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ «շուտով լսելու եք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը»։
«Ինչի վրա է նրանց հույսը, միայն ու միայն մի բանի՝ Հրայր Թովմասնյանի ու Սահմանադրական դատարանի, նրանք քմծիծաղով են նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչո՞ւ են նրանք արհամարանքով նայում իրենց դատավարություններին, որովհետև նրանք սպասում են, հույս ունեն որ, ահա, շուտով, բան չմնաց, իրենց ՍԴ-ն բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից ու շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու, բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն ու այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար, մենք այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց՝ հույս ունի, որ ԱԺ-ն որոշում կկայացնի համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին։
«Հայաստանում չկա մի խնդիր, որի լուծման լիազորություն ժողովուրդը չունի, Հայաստանում չկա մի հարց, որը լուծելու իրավասություն, իշխանություն չունենա ՀՀ քաղաքացին, ՀՀ ժողովուրդը ինքնիշխան է, ՀՀ քաղաքացին տիրակալ է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ այսօր Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանն ու այն պետք է հեռանա։