06/02/2020 20:48
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա մինչև ապրիլի 5-ը. նախագահը կստորագրի որոշումը. Մակունց
ԱԺ-ում քիչ առաջ ընդունված նախագիծը, որով ենթադրվում է Սահմանադրական փոփոխությունները դնել հանրաքվեի, ՍԴ չի ուղարկվելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Այն ուղարկվելու է նախագահին՝ ստորագրության համար», - ասաց Մակունցը։
Դիտարկմանը, թե կա՞ վստահություն, որ նախագահն այն կստորագրի՝ Մակունցն ասաց․
«Այո՛, կա այդ վստահությունը։ Համենայնդեպս, մենք ունենք այնպիսի տպավորություն, որ նախագահը համերաշխ է այն մոտեցման հետ, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը»։
Անդրադառնալով ժամկետներին՝ Լիլիթ Մակունցն ասաց՝ հավանաբար, այն ուժի մեջ կմտնի մինչև ապրիլի 5-ը։
Հարցին՝ ինչո՞ւ իշխող խմբակցությունն ականջալուր չի լինում ԵԽԽՎ կոչին՝ դիմել Վենետիկի հանձնաժողով, քանի որ հայտարարության մեջ, ըստ էության, կա քննադատություն, Մակունցն ասաց․
«Որէև քննադատություն չկա, կա առաջարկ»։
Ինչ վերաբերում է դիտարկմանն՝ ինչո՞ւ որպես Սահմանադրական օրենք նախագիծը չի ուղարկվել միջազգային կառույցներին մինչև խորհրդարանում քննարկվելը՝ Մակունցն արձագանքեց, որ նախկինում բոլոր ընտրությունների լեգիտմությունը դրվել է կասկածի տակ, իսկ 2018 թվականի ընտրությունները ոչ մի հարթակում չեն բողոքարկվել։