06/02/2020 10:07
Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ. Արթուր Վանեցյան
Բարոյական չէր լինի այն, եթե ես, կոնֆորմիզմից ելնելով, շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնն ու չբարձրաձայնեի վտանգների մասին, տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը։
«Իմ ու Նիկոլ Փաշինյանի մեջ եղել են տարաձայնություններ, որի մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստով, տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, պետության ընկալումների մեջ, եթե կուզեք, մեր տարաձայնությունները, եղել են, առհասարակ, կյանքի ընկալման ու վերաբերմունքի մեջ», - ասել է նա։
Վանեցյանը նշել է, որ ինքը Նիկոլ Փաշինանին հրաժարականից առաջ ու, առավել ևս, հրաժարականից հետո ոչինչ պարտք չէ։
«Ես կատարել եմ իմ աշխատանքը, ես արել եմ ամեն ինչ, որ հեղափոխության ժամանակ տրված խոստումներն իրականանան», - ասել է նա։
Վանեցյաննն ասել է, թե չի ափսոսել իր հրաժարականի համար։
«Ես ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել բազմահազարանոց մարդկանց հույսերը, մեր քաղաքացիների սպասումները, ընդհակառակը, եղել են շատ մեծ հիասթափության առիթներ», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանը շեշտել է ՝ դավաճանի պիտակից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին։
«Թող դավաճան պիտակից վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից, թող վախենան բոլոր նրանք, ովքեր շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են ու ասելու են, որ «չենք հասկացել, թե ինչ ենք անում», անուններ այսօր ես չեմ տա, բայց խոսքը վերաբերում է այն շրջանին, որն այսօր իշխանության մեջ է», - ասել է Արթուր Վանեցյանը։