06/02/2020 09:40
«Փաստ». Ակտիվ քննարկում են ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցը
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են ուժային կառույցների հետ լուրջ փոփոխություններ իրականացնել: Թերթին հասած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում կառավարության կուլիսներում ակտիվ քննարկումներ են ընթանում ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցում:
Ըստ նույն աղբյուրների, թեման Նիկոլ Փաշինյանի սեղանին հասցնելու հարցում մեծ դերակատարություն են ունեցել իշխանության սատելիտ որոշ ուժեր ու անհատներ, որոնք գլխավորապես սնվում են արևմտյան գրանտներից: Սակայն դիրքորոշումը, ըստ տեղեկությունների, հստակեցված չէ, ավելին՝ կան մեծ թվով ընդդիմացողներ:
Կառավարական աղբյուրների փոխանցմամբ, վարչապետը այս հարցի հետ կապված մասնագիտական շրջանակներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրություն կատարել: