06/02/2020 10:13
Արթուր Վանեցյանը հիմնել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հիմնել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը։
«Հիմնադրամը ես գրանցեցի շուրջ մեկ, մեկուկես ամիս առաջ, ես շատ կարևորում եմ քաղհասարակության դերը մեր երկրում ու, առհասարակ, բոլոր այն պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարության սկզբունքը, պետք է ունենան շատ զարգացած ու ուժեղ քաղհասարակություն», - ասել է Վանեցյանը։
Նա նշել է, թե ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանությունների ժամանակ պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը։
«Այդ դաշտը գրավել են ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են դրսի կողմից, այսօր՝ հեղափոխությունից հետո, ՀԿ դաշտը գրեթե մնաց դատարկ, որովհետև այդ դաշտի շատ ներկայացուցիչներ ներգրավվեցին այս իշխանության մեջ։ Բացի այդ, ես չեմ վախենա ու կասեմ, որ Հայաստանի ՀԿ դաշտում որոշակի մենաշնորհ կա ու, այդ ամենի դեմ ոչ մի բան չունենալով, ես որոշեցի, որ մենք պետք է ստեղծենք «Հայրենիք» հիմնադրամը ու աջակցենք քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանը նշել է, որ իրենց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները, անհատներն ու ԶԼՄ-ները ոչ թե առաջ կբերեն օտարերկրյա օրակարգ, այլ՝ կառաջնորդվեն մեր ազգային օրակարգով։
Արթուր Վանեցյանը նշել է, որ ինքը հանդիպումներ է ունեցել հիմնականում Սփյուռքում գտնվող հայրենակիցների հետ, սակայն այս պահին անուններ չի հնչեցնի։
«Պատմել եմ մեր հիմնադրամի նպատակների մասին ու ստացել եմ հավաստում, որ կաջակցեն մեզ որոշակի ֆինանսներով», - ասել է նա։
Վանեցյանը ընդգծել է, որ իրենք բարեգործությամբ չեն զբաղվելու։ «Զբաղվելու ենք կոնկրետ խնդիրների լուծմամբ», - ասել է նա։
Վանեցյանը պատմել է, որ հիմնադրամի մի հատվածում լինելու են աշխատասենյակներ, որտեղ լինելու է պրես-կոնֆերանսների սրահ, որտեղ կարող են գալ երիտասարդներ, անվճար օգտվել տարածքից, կարող են լրագրողները գալ, օգտվել, կիսվել մտքերով, կազմակերպել մամուլի ասուլիսներ։