Այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի տևողությունը կորոշվի սկզբից, բայց նախագծով առաջարկվում է 5 ժամ տևողություն։ Այս նիստում կքննարկվի միայն սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ մեկ ընթարցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե մինչև երկրորդ ընթերցում նախագիծն ուղարկվե՞լու է Սահմանադրական դատարան, բանախոսը պատասխանեց՝ օրենքով այդպես է, պետք է ուղարկվի եզրակացության համար։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս քվեարկեց հարցին իրենց խմբակցությունը։
«Մենք դեմ քվեարկեցինք», - պատասխանեց Մարուքյանը։
Ըստ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
«Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»: