06/02/2020 18:03
Ազգային ժողովի ընդունած երկու օրենքները խնդրահարույց են. նախագահը դիմել է Սահմանադրական դատարան
2020թ. հունվարի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով», - նշել են նախագահականից:
Նշենք, որ օրենքներից մեկով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար՝ 7-10 տարի:
Մյուսով նախատեսվում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման:
Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: